Մեր կազմակերպությունը

Կազմակերպության նպատակը եւ խնդիրները

«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին մի քանի նարկոլոգների կողմից:

Կազմակերպությունը ստեղծվել է՝ նպատակ ունենալով հակազդել թմրամիջոցների չարաշահման երեւույթին եւ մեղմացնել թմրամոլության պատճառած վնասները եւ հետեւանքները: Կազմակերպությունը վերոնշյալ կանխարգելիչ առաքելության հետ մեկտեղ կարեւորում է նաեւ թմրամիջոցներ չարաշահող մարդկանց եւ կախվածությամբ տառապողների առողջական եւ սոցիալական վիճակի բարելավումը, համոզված լինելով, որ ավելի մարդասիրական է ուժերը համախմբել առողջական եւ սոցիալական ծանր կացության մեջ հայտնված անհատներին եւ նրանց ընտանիքներին իրական օժանդակություն ցուցաբերելու համար:

Կազմակերպության կանոնադրական խնդիրներն են.

  • թմրամիջոցների չարաշահման տարածման, միտումների, կառուցվածքի ու ապասվելիք վնասաչափերի իրական պատկերին տիրապետելու նպատակով, ինչպես նաեւ հակաթմրամոլային միջոցառումների ու ծրագրերի առավել ճիշտ պլանավորման, ինչպես նաեւ իրականացվող եւ իրականացված հակաթմրամոլային միջոցառումների եւ ծրագրերի արդյունքների գնահատման նպատակով՝ թմրամիջոցների չարաշահմանն առնչվող խնդիրների մշտական դիտարկում, վիճակագրական տվյալների հավաքագրում, դրանց ուսումնասիրում, կապակցում, վերլուծում, ամփոփում, գնահատում եւ վիճակագրական տվյալների համակարգչային շտեմարանի ստեղծում
  • թմրամիջոցների դասակարգման, օրինական շրջանառության եւ դրանց չարաշահմանն ու ապօրինի շրջանառությանը հակազդող խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի բարեփոխում
  • թմրամոլության եւ թմրամիջոցների շրջանառության խնդիրների վերաբերյալ ինտերնետային ցանցում էջի ստեղծում եւ պահպանում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով
  • հանրային առողջությանը վնասող պետական, ձեռնարկատիրական, կրոնական, միջազգային եւ հասարակական կառույցների գործողություններին կամ անգործությանը հակազդում բոլոր հնարավոր օրինական միջոցներով
  • թմրամոլության վտանգից բնակչության պաշտպանվածության բարձրացմանն ուղղված կանխարգելիչ ծրագրերի մշակում եւ իրականացում
  • թմրամոլության պատճառած վնասների մեղմանը եւ նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում
  • ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործողների վտանգավոր վարքագծի մոդելի փոփոխմանը, նրանց շրջանում ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների եւ սեռավարակների կանխարգելմանն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում
  • թմրամոլության խնդիրների վերաբերյալ խորհրդատվական, բուժական եւ վերականգնողական անվճար ծառայությունների մատուցում եւ այլն:

Կազմակերպության կառուցվածքը

Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համագումարն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ կամ արտահերթ: Կազկմակերպության ղեկավար մարմինը նրա խորհուրդն է, որն ընտրվում է համագումարի կողմից երկու տարի ժամկետով:Խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի ձեւով՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կամ արտահերթ:

Կազմակերպության նախագահն իրականացվում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը: Նախագահի թեկնածությունն առաջադրվում է խորհրդի կողմից եւ հաստատվում համագումարի ձայների մեծամասնությամբ, վերընտրվելու իրավունքով:

Կազմակերպության ֆինանասատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինը վերստուգող հանձնաժողովն է, որն ընտրվում է համագորմարի կողմից, ձայների մեծամասնությամբ, վերընտրվելու իրավումքով:

Անդամակցություն կազմակերպությանը

Կազմակերպությանը կարող եք անդամագրվել՝ լրացնելով համապատասխան դիմում եւ ներկայացնելով մեր գրասենյակ: Ձեր անդամակցության հարցը կքննարկվի Խորհրդի հերթական նիստի ընթացքում եւ տեղյակ կպահվի 30-օրյա ժամկետում: Անդամակցության մուտքի վճարը սահմանված է 5000 դրամ: Անդամավճարը կազմում է ամսեկան 1000 դրամ:

Կազմակերպության անդամների իրավունքները եւ պարտականությունները

Կազմակերպության անդամն իրավունք ունի.

  • ընտրել, նշանակվել ու ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում
  • ներկա գտնվել կազմակերպության համագումարին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել
  • մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող եւ անցկացվող միջոցառումներեին
  • կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ եւ առաջարկություններ
  • սպառիչ տեղեկությունների ստանալ կազմակերպության գործունեության մասին, ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքին, արձանագրություններին եւ ստանալ որոշումների պատճեները
  • ազատ դուրս գալ կազմակերպության անդամությունից:

Կազմակերպության անդամը պարտավոր է.

  • ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին
  • հոգ տանել կազմակերպության հեղինակության բարձրացման համար
  • կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները
  • աջակցել կազմակերպության անդամության համալրմանը
  • մուծել մուտքի վճար եւ անդամավճար
  • բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

Կազմակերպության անդամների ցուցակ

Ներկայումս կազմակերպությանն անդամագրված են հետեւյալ անձինք.

  • Պետրոս Սեմերջյան (կազմակերպության նախագահ)
  • Արթուր Պոտոսյան (խորհրդի անդամ)
  • Հրանտ Մուրադյան (խորհրդի անդամ)
  • Ռոբերտ Պետրոսյան (խորհրդի անդամ)
  • Հովհաննես Ամիրխանյան
  • Ավետիք Պետրոսյան
  • Մարիամ Մալինցյան
  • Վարդուհի Շաքարյան
  • Սարգիս Ժամագործյան
  • Արտյոմ Քեշիշյան
  • Արթուր Պետրոսյան
  • Եվա Սահակյան

Կազմակերպության տեսակետը

«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հ/կ-ն թմրամոլության խնդիրը դիտարկում է հանրային առողջապահության տեսանկյունից՝ մոտեցում, որը, ցավոք, սկսած խորհրդային ժամանակներից պատշաճ ուշադրության չի արժանացել: Թմրամիջոցների չարաշահման խնդրի մեղմացումը (այլ ոչ թե վերացումը, որը սոսկ անիրականանալի երազանք է) պահանջում է ոչ միայն իրավապահ կառույցների պատժիչ գործողությունների, այլ նաեւ սոցիալական եւ առողջապահական համապարփակ միջոցառումների կազմակերպում:

Մենք կարիք ունենք հասկանալու մարդ արարածին, այդ թվում՝ թմրամիջոցներից կախվածությամբ դատապարտված մարդկանց, որոնք ակնկալում են կարեկցանք եւ աջակցություն, սակայն իրենց մաշկի վրա զգում են միայն հանրային անտարբերության եւ անգամ մերժում: Վերջինս անթույլատրելի եւ միեւնույն ժամանակ վնասակար վերաբերմունք է, որը չի դիմանում եւ ոչ մի հակափաստարկի: Այս պահին նշենք միայն, որ թմրամոլությունը, առաջ բերելով տարաբնույթ առողջապահական եւ սոցիալական, այդ թվում՝ իրավական հետեւանքներ, իրենից ներկայացնում է ուղեղի ծանր ընթացքով քրոնիկական հիվանդություն, իսկ հիվանդին պետք է առաջին հերթին բուժել, այլ ոչ թե մեղադրել կամ դատապարտել (մի՛ դատիր, որ չդատվես):

Կյանքն ապացուցել է թմրամիջոցներից ազատ աշխարհ հասկացության սնանկությունը. մարդկությունը հազարամյակներ շարունակ չարաշահել է թմրամիջոցներ, եւ առնվազն այս խնդրի իսպառ վերացումը որպես նշաձող վերցնելը լուրջ չի ընկալվում: Հակառակն են վկայում վերջին տասնամյակներում իրականացված լայնածավալ հազարավոր հետազոտությունների արդյունքները. ավելի արդյունավետ եւ իրատեսական է մշակել եւ կյանքի կոչել ապօրինի թմրամիջոցների ճիրաններում հայտնված մարդկանց առողջական եւ սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր: Վնասի նվազեցման սկզբունքների որդեգրմամբ կշահեն ինչեպես ամբողջ հասարակությունը, այնպես էլ այդ հասարակության անբաժանելի մասը կազմող կախվածությամբ մարդիկ:

Իրականացված ծրագրեր

«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հ/կ մինչեւ օրս մասնակցել է եւ անմիջականորեն իրականացրել է թմրամիջոցների չարաշահման վնասների նվազեցմանն ուղղված եւ ընդհանուր կանխարգելիչ բնույթի հետեւյալ նախագծերը եւ միջոցառումները.

  • կախվածությամբ տառապող մարդկանց հոգեբանական աջակցություն եւ խորհրդատվություն
  • խմբային բուժական խմբակների կազմակերպում
  • Հայաստանում փոխարինող բուժման ներդրման աջակցության միջոցառումներ (Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական օժանդակությամբ)
  • թմրամիջոցների եւ թմրամոլության վերաբերյալ ուսուցողական եւ տեղեկատվական միջոցառումներ (Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի ֆինանսական օժանդակությամբ)
  • 2006թ. հունիսի 26-ի՝ թմրամիջոցների չարաշահման եւ թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համալիր միջոցառումների կազմակերպում (Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի ֆինանսական օժանդակությամբ)
  • 2004թ. հունիսի 26-ի՝ թմրամիջոցների չարաշահման եւ թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ձայնասկավառակի թողարկում
  • Հայաստանի Հանրապետությունում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտների մշակում եւ հրատարակում, Նարկոլոգիական կլինիկայի հետ համատեղ (Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական օժանդակությամբ)
  • ակտիվ մասնակցություն «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մշակմանը, իրավական այլ փաստաթղթերի բարեփոխմանը:

Հրատարակված գրքեր

book

«Հոգեներգործուն նյութերի օգտագործման եւ դրանցից կախվածության նեյրոգիտությունը» գիրքն իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2003 թվականին հրատարակված ձեռնարկի հայերեն թարգմանությունը: Աշխատությունը գիտական խորը քննարկման առարկա է դարձրել կախվածության հիմքում ընկած կենսաբանական բարդ գործընթացները եւ վերջում ներկայացրել է առկա տվյալներից բխող առաջարկություններ, որոնք մեծապես կնպաստեն խնդրի հանրային առողջապահական լուծմանը: Առանձին գլուխներով ներկայացվում են ներածական բաժինը, գլխուղեղի անատոմիան եւ նեյրոկենսաբանությունը, հոգեներգործուն նյութերի հիմնական տեսակների հոգեդեղաբանությունը, գենետիկական հիմքերը եւ հոգեկան հիվանդությունների հետ կոմորբիդության առկա տեսությունները: Առանձին ուշադրության է արժանացել նաեւ վերոնշյալ խնդիրների էթիկայի հիմնահարցերը:

ԱՀԿ գլխավոր տնօրենը երաշխավորել է «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հ/կ-ին իրականացնելու աշխատության թարգմանությունը եւ հրատարակչությունը հայերեն լեզվով:

Աշխատությունը հրատարակվել է Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի (SCAD) օժանդակությամբ:

book

«Ապօրինի թմրամիջոցների բժշկական-իրավական հիմնախնդիրները» գրքույկ է, որի էջերում արծարծված են հոգեներգործուն նյութերի վնասակար գործածման բժշկական եւ ապօրինի օգտագործման իրավաբանական հիմնահարցերը: Առանձին գլուխներում պարզաբանված են ապօրինի թմրամիջոցների օգտագործմամբ պատճառված հոգեկան ու վարքային խանգարումների ախտորոշիչ նշանների եւ հիմնական համախտանիշների համառոտ բացատրությունները եւ ոլորտում հաճախ օգտագործվող տերմինների ու արտահայտությունների սահմանումները համաձայն ԱՀԿ-ի: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված հսկվող նյութերի օրինական շրջանառության հիմնահարցերին: Առանձին գլխում մեկնաբանված են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ առաջացող քրեական պատասխանատվության մանրամասնությունները: Գրքույկի հավելվածում տեղ են գտել չարաշահվող նյութերի շրջանառության օրենսդրական դաշտը ձեւավորող ՀՀ գործող օրենքները:

Գրքույկը նախատեսված է ընդհանուր պրոֆիլի բժիշկների, նարկոլոգների, հոգեբույժների, առողջապահության մասնագետների, իրավապահների եւ թմրամիջոցների խնդրի հետ գործնական առնչություն ունեցող այլ մասնագետների համար: Այն հրատարակվել է Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի (SCAD) օժանդակությամբ:

book

«Անհրաժեշտ տեղեկություններ հոգեներգործուն նյութերի մասին» գրքույկն ամփոփ կերպով ներկայացնում է չարաշահվող թմրամիջոցների հիմնական տեսակները, դրանց ազդեցությունները եւ հետեւանքները: Ներկայացված են նաեւ կախվածության նշանները եւ տեսակները:

Գրքույկը հրատարակվել է Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի օժանդակությամբ (SCAD):

book

«Հանրամատչելի տեղեկություններ մեթադոնային բուժման մասին» գրքույկը համադրում է օփիոիդներից (այդ թվում՝ հերոինից) կախվածության բուժման մեջ զարգացած երկրներում լայն կիրառություն գտած մեթադոնային փոխարինող բուժման (ՄՊԲ) մասին իրականությունը եւ միֆերը: Այն նախատեսված է օփիոիդային թմրամիջոցներից կախվածությամբ տառապող մարդկանց համար եւ օր առաջ այս խմբին ներկայացնում է ՄՊԲ էությունը, ցուցումները, հակացուցումները եւ ընդհանուր կարգը:

Գրքույկը հրատարակվել է Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանում օժանդակության հիմնադրամի օժանդակությամբ (OSI AFA):

Կազմակերպության տվյալները

Մեր կազմակերպությունը տեղակայված է Նարկոլոգիական կլինիկայի 2-րդ հարկում (շնորհակալություն ենք հայտնում «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն պարոն Ս.Ա.Թորոսյանին):

Դուք կարող եք այցելել մեզ հետեւյալ հասցեում՝ ք.Երեւան, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցք, շենք 2:

Հեռախոս՝ +37410 621635:

Ուրախությամբ կսպասենք նաեւ Ձեր էլեկտրոնային նամակին:

-վերեւ-

Posted on Նոյեմբեր 1, 2006 by Admin

Filed under Մենք | Ուղարկել | Տպել