Ծխախոտը եւ ալկոհոլն ավելի՞ վտանգավոր են, քան “պլանը”

Տեքստի չափսը. + |

Բրիտանացի գիտնականներն առաջարկել են չարաշահվող թմրամիջոցների պատճառած վնասների գնահատման նոր համակարգ, ըստ որի ծխախոտը եւ ալկոհոլն այս նյութերն օգտագործողների եւ ընդհանուր առմամբ հասարակության համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան մարիխուանան եւ էքստազին:

Շատերի համար անակնկալ այս հետազոտության եւ դրա արդյունքների մասին մասին հրապարակել է The Lancet ամսագիրը:

Հետազոտող խումբը գլխավորել է պրոֆ. Դեյվիդ Նատը, որը չարաշահվող նյութերի հարուցած վտանգները գնահատելիս օգտագործել է 3 հիմնական ցուցանիշ՝ օգտագործողի առողջական հետեւանքները, կախվածության զարգացման ռիսկը եւ հանրային վտանգավորությունը:

Հետազոտող խմբի կողմից հարցում է իրականացվել մի քանի տասնյակ բրիտանացի նարկոլոգների, հոգեբույժների, դատական փորձագետների եւ ոստիկանների շրջանում: Ամփոփելով հարցման արդյունքները, հետազոտողները կազմել են առավել վտանգավոր 20 թմրամիջոցների վարկանիշային ցուցակը:

Առաջին տեղում, ինչպես եւ ենթադրվում էր, հայտնվել են հերոինը եւ կոկաինը, որոնց հաջորդում են բարբիտուրատները եւ ոչ բժշկական օգտագործման մեթադոնը: Բազմաթիվ պետություններում օրինական կարգավիճակ վայելող ալկոհոլը եւ ծխախոտը զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 9-րդ հորիզոնականները՝ իրանց վտանգավորությամբ զգալիորեն գերազանցելով մարիխուանային (11) եւ էքստազիին. վերջինս եզրափակել է չարաշահվող նյութերի քսանյակը:

sciencedaily.com

Antidrug.Health.am-ի կողմից
Հարկ ենք համարում նշել, որ սույն հարցման արդյունքների ուղղակի տարածումը Հայաստանի համար վիճակագրորեն անթույլատրելի է: Միեւնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս հայրենական մասնագետներին իրականացնել նմանատիպ հետազոտություններ Հայաստանում՝ գնահատելու իրավիճակը մեր հանրապետությունում:

Posted on 26- 03-07 by Admin

Filed under Նորություններ | Ուղարկել | Տպել