Սպանվել է ոստիկանի գնդակից

Տեքստի չափսը. + |

imageԱյսօր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ժամը 00.05-ի սահմաններում, Նորագավիթի 1-ին փողոցի սկզբնամասում, թմրամիջոցների տեղափոխման կասկածանքով, արգելափակել, ապա փորձել են կանգնեցնել Մերսեդես-280 մակնիշի 06 ՏՕ 587 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, կտրուկ հետադարձ ու շրջադարձ է կատարել, վթարվել մեկ այլ մեքենայի հետ ու ավտոմեքենան վարել է ոստիկանների վրա` վտանգելով նրանց կյանքը, եւ վնասել աշխատակիցներից մեկի ոտքը:

Ոստիկանության աշխատակիցները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, ապա՝ մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Գնդակներից մեկը դիպել է վարորդին։ Ոստիկանության աշխատակիցները վարորդին անմիջապես տեղափոխել են ՚Երեւանՙ բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է։

Դիակի եւ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է շուրջ 30 գրամ ափիոն տեսակի թմրանյութի նմանվող զանգված, ինչը փաթեթավորված է եղել առանձին-առանձին փաթեթներով, ինչպես նաեւ ներարկիչ, որի մեջ եղել է «անհիդրիդ տեսակի հեղուկ։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաեւ այլ ավտոմեքենայի պետհամարանիշեր, ինչպես նաեւ այլ անձի պատկանող վարորդական իրավունքի վկայական:

Ձեռնարկված միջոցառումներովպարզվել է, որ վերոհիշյալ ավտոմեքենան վարել էր Երեւան քաղաքի Կիլիկիա թաղամասի 45 տան բնակիչ, 1976թ. ծնված Արմեն Միքայելի Մելիքյանը, իսկ մեքենան պատկանում է այլ անձի: Արմեն Մելիքյանը նախկինում երկու անգամ դատապարտվել էր. 1995 թ.` գողության, իսկ 2003թ.՝ խուլիգանության եւ ոստիկանության ծառայողներին դիմադրելու համար։ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, փաստի կապակցությամբ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

a1plus.am

Posted on 07- 06-07 by Admin

Filed under Նորություններ | Ուղարկել | Տպել