Բուժման դիմող թմրամոլների թիվն ավելացել է

Տեքստի չափսը. + |

Նարկոլոգիական կլինիկայում բուժվող հիվանդների թիվը վերջին տարիներին կտրուկ աճում է: Այս մասին այսօր «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիայի կլինիկայում Թմրամիջոցներից կախվածության վերականգնողական բուժման կենտրոնի բացման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը:

Ըստ նրա, եթե 2001 թվականին կլինիկայում ստացիոնար բուժում է ստացել և պրոֆիլակտիկ դիտարկման է ենթարկվել ընդամենը 7 հիվանդ, մինչդեռ 2008-ին այս թիվը հասել է 466-ի: «Նարկոլոգիական կլինիկայի հիվանդանոցային բաժանմունքն ունի ստացիոնար բժշկական օգնության երեք բաժին, որտեղ, ընդհանուր առմամբ, նախատեսված է 60 մահճակալ»,-ասաց Ս. Թորոսյանը:

Նրա խոսքով, թմրամիջոցից կախվածության բուժումը Հայաստանում քաղաքացիներին տրամադրվում է պետական պատվերի շրջանակներում:

Բժիշկները հիվանդներին ստանդարտ ապաթունավորմանը զուգահեռ մատուցում են նաև հոգեսոցիալական աջակցություն` անհատական հիմունքներով: Ինչպես Ս. Թորոսյանը նշեց, վերջին տարիներին նարկոլոգիական ծառայությանը տրամադրվող պետական պատվերի շրջանակներում հատկացվող միջոցները կայուն կերպով ավելանում են, որը վկայում է պետական հոգածության բարձրացման մասին: Ըստ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, նարկոլոգիական հիվանդությունների հիվանդանոցային բժշկական օգնության պետական պատվերի իրականացման համար 2007-ին հատկացվել է 102,7 մլն դրամ (մոտ 330.000 դոլար), ինչը 22,3 մլն դրամով ավելի է, քան 2006թ.:

Նշենք, որ անցյալ տարի, Հունաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, նարկոլոգիական կլինիկայի տնտեսական մասնաշենքի տանիքային տարածքում տեղադրվել և շահագործման է հանձնվել 140 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով արևային մարտկոցների համակարգը: Այն թույլ է տալիս կլինիկային 100%-ով բավարարել տաք ջուրը:

Աղբյուր` Panorama.am

Posted on 27- 04-09 by Admin

Filed under Նորություններ | Ուղարկել | Տպել